четверг, 18 декабря 2014 г.

Պատմություն

Վանի թագավորության


Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):
Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։



Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:
Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:
Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:
Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: 



Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:
Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: 
Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:
Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:
Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:
Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  
Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: 
Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):
Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:
Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:
Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ 
Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:
Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է  պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:  
Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: 
Վանի թագավորության մշակույթը
Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: 
Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:
Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:
Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:
Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:
Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր:

 Հուլիոս Կեսար

Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է Հռոմում, Տրոյական պատերազմից մի քանի հարյուրամյակ անց, մթա 100-ին Հուլիոսների պատրիկյան ընտանիքում: Հուլիոսների ընտանիքը Հռոմի պատմության մեջ ուներ կարևորագույն դեր: Այն սկիզբ է առնում Հուլիոսից՝ Էնեոսի ավագ որդուց: Հորը՝ ավագ Գայոս Հուլիոս Կեսարին ապագա դիկտատորը կորցրել է 16 տարեկանում, իսկ մոր՝ Ավրելիայի հետ պահպանել է մտերմիկ ու ջերմ հարաբերությունները մինչև մոր մահը:
Գայոս  -   անձնական անունը
Հուլիոս - ընտանիքի անունը
Կեսար - անհատական մականունը





Եգիպտական Բուրգեր



Բուրգերի համալիրը՝ Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում,Կահիրե քաղաքի մոտակայքում։ Բուրգերից ամենամեծը՝ Քեոփսի բուրգը ունի 5 հազար տարվա պատմություն, Քյոփս փարավոնի դամբարանն է, ունի 147 մետր բարձրություն և յուրաքանչյուր կոզքի բարձրությունը 233 մետր է: Ըստ ուսումնասիրությունների բուրգի կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված: Դրանցից յուրաքանչյուրն էլ կշռել է երկու տոննայից ավել: Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը ուռուցիկ պատերն ենԺայռաբեկորները այնքան ամուր և վարպետորեն են տեղադրված որ նւյնիսկ դանակի շեղբ չի անցնի: Հաշվի առնելով որ բուրգերը կառուցվել են քարե գործիքներով ապա զարմանալի է վարպետների աշխատանքի ճշտությունը:Եթե մարդիկ ցանկանում էին տեսնել մահացած փարավոնինկարող էին այցելել  հոգեհանգստի տաճար՝ ընդունարան, որը կառուցված էր գրանիտե ուղղանկյուն սյուներով և հայելու նման փայլփլուն պատերով և հատակով:
Փարավոնի մարմինը պահպանելու համար զմրսում էին: Հետո փարավոնի զմռսված մարմինը զուգում-զարդարում էին, զգեստավորում շքեղ բանվածքներով, դնում կեղծամ, ոսկեզօծում եղունգները, ակնակապիճներում զետեղում փղոսկրյա կամ բյուրեղապակյա աչքեր։ Այս կերպ էր պատրաստվում մումիան։ Վերջում հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով։
Մինչև այժմ էլ գիտնականները չեն կարողացել բացահայտել բուրգերի գաղտնիքը: Այն մինչև հիմա էլ գիտնականների սւշադրության կենտրոնում է: Գիտնականներին էլ շատ է հետաքրքրում թե առանց տեխնիկայի եգիպտացիներն ինխպես են կարողացել ճշգրիտ կառուցել այդ հսկա բուրգերը:
Նորվեգական ինստիտուտի ճարտարապետ Օլե Բրինը բուրգերի գաղտնիքների բացահայտման նոր ուղիներ է առաջարկել:
Ըստ նորվեգացի գիտնականի կառույցի շինարարական գաղտնիքն ավելի պարզ է քան տվում է: Եգիպտացիները օգտագործել են «կոտրող ցանց», որն օգտագործվում է նաև ժամանակակից շինարարության մեջ: Այդ ցանցի էությունը հետևյալն է, ընտրվում է որոշակի կենտրոն, դրանից դուրս են գալիս որոշակի առանցքներ ու բարդ, բայց համաչափ կառույցի շինարարության համար պահանջվում է պարզապես ճշգրտորեն պահպանել ու հետևել աղյուսների միջև ընկած հեռավորությանը: Բրինի կարծիքով եգիպտացիներն իրենց բոլոր հաշվարկների համար ընտրել էին 7 թիվը: Այս տվից օգտվելը բավականին հեշտ է:
Գիտնականները համոզված են որ եգիպտացիներըկազմում էին գծագրեր որոնցով էլ
ճշգրիտ կառույցներ էին կառուցում:
Քեոփսի բուրգը մարդկության համար մնում է ամենաառեխծվածային գաղտնիքներից մեկը:



Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և արշավները





Ալեքսանդր Մակեդոնացու մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ, պատմություններ ու մեկնաբանություններ, սակայն մենք պետք է հիմնվենք պատմաբանների կողմից հաղորդված տվյալների վրա։
Նրա մասին մեզ տեղեկություններ է հաղորդում հույն պատմիչ Արիանոս Փլաբիոսը, որը եղել է այդ ժամանակի նշանավոր մարդկանցից մեկը։
Ալեքսանդրի կենսագրությունն ու նրա արշավանքներն ավելի վառ բնութագրված են Բենիամին Վիլլերի «Մեծն Ալեքսանդր» աշխատության մեջ։
Համաշխարհային պատմությունից մեզ հայտնի է, որ Ալեքսանդրը Մակեդոնիայի թագավոր Փիլիպոսի որդին է, սակայն հիմնվելով 1998 թվականի  «Հայ Զինվոր» շաբաթաթերթում Արմեն Մարտիրոսյանի` Մակեդոնացու մասին  հոդվածի վրա` կարելի է առաջ քաշել մի վարկած, ըստ որի նա ոչ թե Փիլիպոսի, այլ եգիպտական թագավոր Նեքտանեբուսի որդին է։ Վերջինս իր թագավորության անկումից հետո փախել էր Մակեդոնիա և այնտեղ հմայությամբ գայթակղել Փիլիպոսի կնոջը` Օլիմպիային, և նրանց խառնակությունից, ըստ ավանդության, ծնվել է Ալեքսանդրը։
Ըստ Պլուտարքոսի վկայության` մակեդոնացիների Փիլիպոս թագավորն իր հերթական արշավանքի ժամանակ երեք բարի լուր է ստանում։ Առաջինը, որ իր Պարմենեոն զորապետը հաղթել է իլյուրացիներին, երկրորդը, որ իր ձին օլիմպիական խաղերի ժամանակ մրցանակ է շահել, և երրորդը, որ իր կինը որդի է ծնել Ալեքսանդր անունով։ 
Ալեքսանդրը ծնվեց մ.թ.ա. 356 թվականին Պելլա քաղաքում, որը նրա հայրը` Փիլիպոսը մայրաքաղաք էր դարձրել Էգեի փոխարեն։
Ըստ Արիստոտելի վկայության` ժառանգականության մասին առանձին օրենք այն ժամանակ գոյություն չուներ, և թագավոր էր դառնում ամենաարժանավորը։
Ք.ծ.ա 5-րդ դարում Մակեդոնիան իրավունք ստացավ մասնակցելու օլիմպիական խաղերին։ Այդ ժամանակվանից Մակեդոնիայում պետական լեզու դարձավ Ատտեկի լեզուն, և ամենուրեք սկսեց տարածվել հունական մշակույթը։ Հենց այս հանգամանքներում լույս աշխարհ եկավ Ալեքսանդրը։ Նա իր ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր ծագմանը և Մակեդոնիայի կատարյալ որդու գաղափարին։
 Մի անգամ Փիլիպոսի բացակայության ժամանակ Մակեդոնիա են գալիս պարսից դեսպանները, որոնց նա այնպես է դիմավորում և ընդունում, որ պարսիկ հյուրերը հիացմունքով են վերադառնում իրենց երկիրը։
Որքան Ալեքսանդրը մեծանում էր, այնքան Փիլիպոսը ավելի էր համոզվում, որ իր որդուն ստիպողաբար չպետք է կրթության տա, ուստի երբ լրացավ Ալեքսանդրի 13 տարին, նա սկսեց աշակերտել Արիստոտելին։
«Հորս եմ պարտական գոյությամբս,-ասում էր Ալեքսանդրը,-իսկ արժանավոր կյանք վարելու գիտությամբս` Արիստոտել  ուսուցչիս»։
Այսպիսով` կրթություն ստանալով` Ալեքսանդրը 16 տարեկանում դուրս եկավ քաղաքական ասպարեզ։
Ք.ծ.ա 340թ. ամռանը Փիլիպոսը արշավեց դեպի Փոքր Ասիա, իսկ Ալեքսանդրին, ըստ Պլուտարքոսի վկայության, «թողեց յուր կնիքն ու տերության մասին հոգսերը»։
Կյանքի 47-րդ տարում թունավոր նետի հարվածից մահանում է Փիլիպոսը։ Գահ է բարձրանում Ալեքսանդրը, որը ամբողջ Մակեդոնիան գտնում է ծայրահեղ վատ դրության մեջ։ Երկիրը քայքայում էին կենտրոնախույս ուժերը և արտաքին նվաճողները։ Նա անհապաղ ձեռնամուխ է լինում երկրի իշխանության և պաշտպանության ամրապնդմանը։
Այդ ժամանակաշրջանում պարսիկները կռահում են, որ Ալեքսանդրի եռանդը կարող է իրենց էլ վտանգ սպառնալ, ուստի նրանք սկսում են միջոցներ ձեռք առնել խանգարելու դեպի Արևելք նախապատրաստվող Ալեքսանդրի արշավանքներին։ Պարսկական բանակը ուղարկվում է Փոքր Ասիայի հյուսիսային կողմերը  և այնտեղ գտնվող հույներին ստիպում նահանջել դեպի Տրովադա և մասամբ` Եվրոպա։ Ավելի ուշ նրանք սկսեցին կաշառել հույներին, որպեսզի վերջիններս էլ ապստամբեն Ալեքսանդրի դեմ։ Սույն փաստն է պարսից Դարեհ (մ.թ.ա. 336-331 թթ.) թագավորին Ալեքսանդրի գրած նամակում, որտեղ մասնավորապես ասվում էԴու լակեդեմոնացիներին և մյուս հույներին դրամ էիր ուղարկում, թեև ոչ մի տերություն, բացի Լակեդեմոնիայից, չընդունեց այն։ Հենց այդ իսկ պատճառով, որ դու կաշառում էիր իմ բարեկամներին, աշխատում էիր իմ ստեղծած դաշնակցությունը ոչնչացնել և այպիսով կռվի սկզբնապատճառ դարձար, ես քեզ վրա կռիվ եկա»։ Ըստ Պլուտարքոսի վկայության` Դեմոսթենեսը Դարեհից 300 տաղանդ էր ստացել։ Հետագայում Ալեքսանդրը Սարդում գտավ մեծ հռետորի նամակները, որոնք լիիրավ ապացույց էին կաշառքի ստացման մասին։
Արդեն մ.թ.ա. 334 թվականի գարնանը ամեն ինչ պատրաստ էր պարսից դեմ պատերազմելու։
Ալեքսանդրը 30 հազար հետևակով և 5 հազար հեծյալով գնում էր մի պետության վրա, որը Քսերքսեսի ժամանակ հույների դեմ 1 մլն զորք էր դուրս բերել։ Պարսկաստանը տարածությամբ 50 անգամ և բնակիչների թվով 25 անգամ մեծ էր Մակեդոնիայից։ Պելլայից դուրս գալուց հետո, 20 օրվա ընթացքում, Ալեքսանդրը հասավ Հելլեսպոնտոսի (այժմյան Դարդանելի) մոտ և այսպիսով մտավ Ասիայի հողը։ Այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր։ Երբ Ալեքսանդրը մտավ Պարսկաստանի հողը, այն ամենահզոր պետություններից մեկն էր համարվում։ Պարսից երկիրը հարստացել էր Աքեմենյան հարստության հիմնադրումից հետո։ Սակայն 4-րդ դարի առաջին կեսից Աքեմենյան հարստությունը քիչ-քիչ գնում էր դեպի անկում։ Դրան հակառակ` սրընթաց մեծանում էին Մակեդոնացու հաջողությունները, որոնց նպաստում էր կայսրության կազմում ընդգրկված երկրների տնտեսական ծանր վիճակը։
Հարկերի և տուրքերի ծանր քանակությունը,որոնք գանձվում էին սատրապություններից, ծառայում էին ոչ թե տնտեսությունը վերականգնելու,այլ ավելի էին պերճացնում պալատական կյանքը և մեծացնում նվաճված երկրների ժողովուրդների ատելությունը։ Բացի այդ, Դարեհ 3-րդի բանակում դոմինանտ դերը դերը պատկանում էր ոչ թե պարսիկներին, այլ վարձկաններին, որոնք հետամուտ չէին Աքեմենյան հարստության պահպանմանը։
Մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդրը, գլխավորելով միացյալ հունական զորքերը`  30 հազար հետևակ և 5 հազար հեծյալ, անցավ Հելլեսպոնտոսով և հաղթեց Գրանիկի մոտ տեղի ունեցած ճակատամարտում` լիովին ջախջախելով պարսկական զորքը։
Փոքրասիական քաղաքները, այդ թվում և Սողդերը, իրենց դռները բացեցին Ալեքսանդրի առջև։ Ընդամենը մեկ տարի անց արդեն ամբողջ Փոքր Ասիան գտնվում էր Ալեքսանդրի ձեռքում։ Այնուհետև նա Կիլիկիայի տարածքով շարժվեց Ասորիք։ Սակայն պարսիկները Իսսի բնակավայրի մոտ դուրս եկան նրա դեմ։
Մ.թ.ա. 333 թվականի նոյեմբերին այստեղ տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ պարսիկները ամբողջովին ջախջախվեցին։ Դարեհ թագավորի ճամբարը և ընտանիքը հայտնվեցին Ալեքսանդրի ձեռքում։ Ինքը` Դարեհը, իր մնացած զորքով նահանջեց դեպի Եփրատ գետը։Հաղթանակը այս ճակատամարտում Ալեքսանդրին հնարավորություն տվեց ավելի վստահ շարժվելու դեպի հարավ։ Նա գրավեց Դամասկոսը, այնուհետև` մ.թ.ա. 332թ. համառ դիմադրություն ցույց տվող Թիրը և Պաղեստինի քաղաքները։
Փյունիկիան և Ասորիքը ճանաչեցին հույների իշխանությունը։
Դարեհ արքան դիմեց Ալեքսանդրին` կնքելու հավերժական խաղաղություն` նրան առաջարկելով 10 հազար տաղանդ և մինչև Եփրատ ընկած տարածքները։ Սակայն այդ առաջարկը Ալեքսանդրը չի ընդունում։ Նա շարունակում է իր արշավանքը և ներխուժում Եգիպտոս։ Եգիպտացիներն առանց դիմադրության հպատակվում են նրան։ Այստեղ Ալեքսանդրը իրեն նվիրում է Ամոն աստծո որդիներին և ձեռք բերելով տեղի քրմերի համակրանքը` հիմնադրում Ալեքսանդրիա քաղաքը։
Մ.թ.ա. 331 թվականին Դարեհ 3-րդ արքան հապճեպ զորք է հավաքում և գալիս հանդիպում է Ալեքսանդրին Նինվեի ավերակներից ոչ շատ հեռու գտնվող Գավգամելա վայրում, որտեղ նա, խայտառակ պարտություն կրելով Ալեքսանդրից, փախչում է Մարաստան։ Գրեթե բոլոր մարտերում պարսկական զորքը թվաքանակով միշտ գերազանցել է մակեդոնական զորքին, սակայն վերջիններիս հմուտ կազմակերպվող մարտավարությունը հնարավորություն է տվել նրանց մարտերից դուրս գալ միշտ հաղթանակած։
Հունա-մակեդոնական զորքերը այնուհետև շարժվում են դեպի հարավ։ Շոշը և Բաբելոնը առանց դիմադրության հանձնվեցին Ալեքսանդրին և տվեցին իրենց բոլոր գանձերը։ Շոշից Ալեքսանդրի զորքը շարժվեց լեռնային անցումներով, որտեղ հանդիպեց ակտիվ դիմադրության, այնուհետև հասավ Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիս, որը հանձնվեց առանց դիմադրության։
Պարսկաստանի հինավուրց մայրաքաղաքում նա տիրացավ 120 հազար տաղանդ գանձերի։ Այդ ժամանակ հրկիզվեց Պերսեպոլիսի հիասքանչ պալատը, որի պատճառները մինչև օրս հայտնի չեն. ենթադրվում է ,որ այն կատարվել է կամ քաղաքական նպատակներով,կամ միամտաբար,հարբած զինվորների կողմից։
Մ.թ.ա. 330 թվականի ապրիլին Ալեքսանդրը շարունակում է իր արշավանքները դեպի Արևելք։ Էկբատանում նա թողնում է իր զորավարին` Պարմենեոնին, պահպանելու գրավված գանձերը, իսկ ինքը շարժվում է Դարեհի հետևից, որը հասել էր Բակտրիա։ Այստեղ Ալեքսանդրը, հասնելով Դարեհին, սպանում է նրան և վերջ դնում Աքեմենյան աշխարհակալ հարստությանը։ Տիրելով Աքեմենյան գահին` ինքն իրեն հայտարարում գահաժառանգ։ Հպատակեցրած շրջաններում Ալեքսանդրը միշտ կարող էր գտնել իշխանությունից դժգոհ խմբավորումներ և հենվել դրանց վրա։ Դրանք, օրինակ, փոքրասիական քաղաքների քաղաքների բնակիչների որոշ խավեր էին, կամ եգիպտական քրմերի կաստաներ։
Սատրապությունները սնանկացել էին վայրենի հարկահանության և անխիղճ կառավարման պատճառով։ Աքեմենյանների օրոք հարկերը ծառայում էին պալատական անիմաստ պերճանքի և շքեղության համար։
Այնուամենայնիվ, Ալեքսանդրին Պարսկաստանում համառ դիմադրություն էր ցույց տալիս տեղի տոհմական հասարակությունը։ Արևելքում, հատկապես պարսկական շրջաններում այդ հասարակությունն ուներ համեմատաբար ամուր հենակետեր և կարող էր արևելյան տիրույթների սատրապների գլխավորությամբ կազմակերպել պայքար Ալեքսանդրի դեմ։
Չնայած այս ամենին` հունա-մակեդոնական զորքը գրավել էր Պարթևստանը, Արխան և այլ Աքեմենյան սատրապություններ։
Մ.թ.ա.  329թ. գարնանը մակեդոնացիները կատարեցին դժվար անցում Հինդիկուշի լեռներով և հասան Ամու-Դարիայի ափերը` գրավելով Բակտրիան, Սողդիանան, որոնք հերոսական դիմադրություն ցույց տվեցին ամբողջ 3 տարվա ընթացքում։ Մարաղանդը` ժամանակակից Սամարղանդ դարձավ Ալեքսանդրի շտաբը։ Նրա զորքերը հասան Սակերի երկիր, որտեղ և հիմնվեց մեկ ուրիշ Ալեքսանդրիա քաղաքը։
Մոտ 2 տարի Սողդենի դիմադրությունը գլխավորում էր հերոսական առաջնորդ Սպիտամենը։ Ալեքսանդրի պայքարը միջինասիական ժողովուրդների դեմ խորը հետք թողեց նրանց գիտակցության մեջ։ Միջինասիացիները համոզվեցին պայքարի արդարացիության և հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտության մեջ։
Եվ այսպիսով` 7 տարվա ընթացքում Ալեքսանդրը գրավեց ողջ Փոքր Ասիան, Իրանը, Բաբելոնը, Սողդը և Խորեզմը։ Սակայն Բաբելոնից հայրենիք վերադառնալիս հանկարծակի նրա վրա մի ցեղ է հարձակվում և առաջին անգամ պարտության մատնում։ Ալեքսանդրը ծանր վիրավորվում է և մ.թ.ա. 323թ. հունիսի 13-ին մահանում բաբելական տիրույթների պերճաշուք մի պալատում։ Մահվան պատճառները ստույգ պարզված չեն մինչ օրս, սակայն, կան մի քանի վարկածներ, ըստ որոնց, ենթադրվում է, որ նա մահացել է կամ մալարիայից, կամ թոքաբորբից, կամ աղիքային հիվանդությունից, իսկ վերջերս էլ պարզվել է, որ մահացել է հարբեցողությունից։
Նրա տիրույթները բաժանվեցին իր զորավարների միջև։ Իրանը և նրան հարող շրջանները բաժին հասան Սելևկիոսին, որի անունով էլ կոչվեց ստեղծված կայսրությունը` Սելևկյան։

Մակեդոնացին համարվում է բոլոր ժամանակների ամենատաղանդավոր քաղաքական, ռազմական և հասարակական գործիչներից մեկը, թերևս, ամենաերիտասարդը ամենատաղանդավորներից։ Նա կարճ ապրեց, բայց փայլեց համաշխարհային պատմության երկնակամարում որպես պայծառ մի աստղ, և նրա կյանքն ու գործունեությունը առ այսօր ուսումնասիրության և հիացմունքի առարկա են։

Комментариев нет:

Отправить комментарий