вторник, 25 июля 2017 г.

Դալտոնիզմ

Դալտոնիզմ

                    
 Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: 
Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում: Դալտոնիզմը կամ գունային կուրությունը ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:
Ինչու մարդը չի կարողանում տարբերել գույները
Աչքի ցանցենու կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:

Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ  մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:

Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:
 Դալտոնիզմի տեսակները

Գոյություն ունեն տերմիններ±±, որոնք նշանակում են գունային կուրության այս կամ այն տեսակը: 

Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել: 

Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:

Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:

Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա  ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:

Շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի ախտորոշումը

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Ինչպես իմանալ, որ երեխան դալտոնիկ է

Բավական բարդ է որոշել, արդյոք երեխայի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ, քանի որ նա մոտ 3 տարեկանում է միայն սկսում տարբերել գույները: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է երեխան գունազարդում նկարները, օրինակ, եթե նա խոտը գունավորում է շագանակույն  կամ կարմիր երանգով, իսկ երկինքը` կանաչ: Կա ևս մեկ հետաքրքիր միջոց, որոշելու թե մանկիկի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ: Նրա առաջ դրեք միանման առարկաներ, օրինակ, երկու կոնֆետ: Դրանք պետք է տարբերվեն միայն գույնով, մեկը` մոխրագույն կամ սև փաթեթավորմամբ, մյուսն ավելի վառ գույնի: Սովորաբար երեխան ձգտում է գունավորին, իսկ,  եթե նա վատ է տարբերում գույները, ապա կվերցնի որը պատահի: Եթե երեխան հիմնական գույները ճիշտ չի անվանում, իսկ  բաց կանաչավուն կամ բաց վարդագույն առարկաները սպիտակ է տեսնում, դա նույնպես կասկածի տեղիք է տալիս, որ նրա մոտ գունային կուրություն է:

Ինչպես է բուժվում դալտոնիզմը

Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան:

Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են  տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները:

Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար:

Комментариев нет:

Отправить комментарий